Վարչապետ Փաշինյանն իր ռեժիմի ներկայացուցիչների հետ փորձում է գողանալ վանաձորցիների ձայները։ Այս մասին լրագրողներին ասաց Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը։
«Իշխող ուժին սպասարկում է նրա կամքի հնազանդ կատարողը` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը», այս կարծիքին է վանաձորցիների ճնշող մեծամասնությունը: Ուրեմն եկեք բոլորս միասին վայր դնենք մեր մանդատները և գնանք նոր ընտրությունների, որպեսզի ևս մեկ անգամ համոզվենք, թե վանաձորցիներն ում են նախընտրում քաղաքապետի պաշտոնում։ Եթե «Քաղաքացիական պայմանագիրը» և մյուս ուժերն այդքան վստահ են իրենց վրա, թող վայր դնեն մանդատները և գնան նոր ընտրությունների։ Վանաձորցին արդեն հայտնել է իր կարծիքը, իսկ նրա արբանյակների միջոցով օրենք պարտադրել հնարավոր չէ»,- ասաց Դոխոյանը։
Նշենք, որ դեկտեմբերի 24-ին պետք է կայանար Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Մինչ այս՝ դեկտեմբերի 22-ին, բաշխվել էին համայնքի ավագանու բոլոր 33 մանդատները։ Նորընտիր ավագանու չորս անդամներ մերժվել են՝ մեկը ներկայացնում է Հայաստանի սոցիալիստական աշխատանքային կուսակցությունը, մյուսները, այդ թվում՝ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ներկայացնում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Դեկտեմբերի 5-ին Վանաձորի ավագանու ընտրություններում հաղթեց «Մամիկոն Ասլանյան» դաշինքը (15 մանդատ), երկրորդ տեղում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (9 մանդատ)։
Հիշեցնենք նաև, որ Մամիկոն Ասլանյանը, ով համանուն դաշինքի առաջին համարն է, ձերբակալվել է դեկտեմբերի 16-ին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով։