Քի Վեսթի պայմանագրում խոսքը Ղարաբաղը Հայաստանին միացնելու մասին էր։ Այս մասին իր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է այսօրվա միջանցքը տարբերվում Քի Վեսթի պայմանագրից։
Այդ պայմանագրում արձանագրված էր, որ Ղարաբաղը Հայաստանին էր միացվում մի միջանցքով, որի կարգավիճակը նույնն էր, ինչ Ղարաբաղինը։
«Միջանցքի լայնությունը, ինչը փաստաթղթում գրված չի, անվտանգության տեսանկյունից ելնելով՝ ես այսպես էի ձևակերպել՝ Գրադի հեռահարության երկու կողմի վրա՝ 21-21, 42 կմ միջանցք»,- ասաց Քոչարյանը և նշեց, որ դա համեմատելի չի այսօրվա Ղարաբաղի անորոշության և կարգավիճակի հետ։
Հարցին, թե ինչու չիրագործվեց այդ պայմանագիրը, Քոչարյանը պատասխանեց, որ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը վերջին պահին հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը։ Ինչպես Քոչարյանն ասաց՝ նա չէր կարողացել իր ժողովրդին բացատրել այդ քայլը, ինչպես նաև նշել էր, որ անգամ սեփական ընտանիքը նրան չի ընդառաջել այդ քայլը կատարելու մեջ։