Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի շարք որոշումներով մարզպետների փոփոխություններ են եղել։ Մարզպետների նշանակման և ազատման հարցերը ներառված էին կառավարության վաղվա նիստի օրակարգում։
Մասնավորապես, Փաշինյանի որոշմամբ՝ Ռազմիկ Պետրոսյանն ազատվեց Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի պաշտոնից։
Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի մեջ էր ներառվել նաև Ռազմիկ Թևոնյանին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի պաշտոնից ազատելու որոշման նախագիծը, որը ևս ընդունվեց։ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Սեդրակ Թևոնյանը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ նշանակվեց։ Մեկ այլ որոշմամբ Սերգեյ Մովսիսյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավոր՝ Սեդրակ Թևոնյանը և Սերգեյ Մովսիսյանը, ավելի վաղ վայր էին դրել պատգամավորական մանդատները։ Մամուլում ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Թևոնյանը մանդատը վայր է դրել Արարատի մարզպետի պաշտոնն ստանձնելու համար, որը, ի դեպ, այս պահին զբաղեցնում է նրա հայրը՝ Ռազմիկ Թևոնյանը։