Շուրջ տասն օրից Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնվող երկու հատվածներում մասնագետները կսկսեն գործիքային հետազոտություններ իրականացնել, ինչի հիման վրա էլ նախագիծ կմշակվի։ Այս մասին «Ազատության» եթերում հայտարարել է երկաթուղու վերականգնման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Արտաշես Թումանյանը:
«Ընդ որում, այդ խմբի աշխատանքներին կմասնակցեն ոչ միայն մեր աշխատանքային խմբի անդամները, այլև ռուսական երկաթուղու մասնագետները»,- ասել է Թումանյանը։
«Էսպիսի ծավալի աշխատանքներ սկսել հայկական կողմի համար ընդունելի է, եթե ամրագրվեն դրանք փաստաթղթային որևէ ֆորմատով։ Երկկողմանի կամ երրորդ կողմն էլ կարող է լինել, բայց առնվազն երկու կողմերը պետք է պարտավորվեն անել, որովհետև էդ ենթակառուցվածքները պետք է միանան, միասին պետք է աշխատեն։ Այսինքն՝ համատեղ աշխատանքի տիրույթներ էլ կան»,- ասաց աշխատանքային խմբի ղեկավարը։
Արտաշես Թումանյանը նախնական գնահատականներ է ներկայացրել. Հայաստան-Ադրբեջան երկաթուղու Երասխի հատվածը վերականգնելու համար ամիսներ են պետք, իսկ Մեղրիի հատվածում, որտեղ 45 կիլոմետրանոց երկաթգիծ պետք է կառուցվի, անհրաժեշտ կլինի երեք տարի։ Թե որքան կարժենան այս աշխատանքները, վարչապետի խորհրդականի խոսքով, Հայաստանի համար դեռ հստակ չէ։
«Դեռ դետալիզացիայի կարիք կա։ Ես տարբեր թվեր եմ տեսել տարբեր տեղեկանքների մեջ՝ 220, 250, 278 և այլն, նույնիսկ ավելին, բայց միայն դրանով չի ավարտվում, որովհետև կան նաև հարակից կառույցներ, օրինակ, մաքսակետեր։ Դա երկաթուղին չի, բայց էդ բոլոր ենթակառուցվածքները եթե չունենանք մենք, աշխատող ենթակառուցվածք չենք ունենա»,- եզրափակեց Թումանյանը։
Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոսել էր մոտ 200 միլիոն դոլարի մասին։