ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն և Ուկրաինան չեն սպառնում Ռուսաստանին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Նրա ուղերձի հեռարձակումը վարել է Սպիտակ տունը, հայտնում է РБК-ն։
«Մենք չենք սպառնում ռուսաստանցիներին և չենք ցանկանում ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանում։ Դիմում եմ Ռուսաստանի քաղաքացիներին՝ դուք մեր թշնամիները չեք։ Եվ ես չեմ հավատում, որ որևէ մեկը ցանկանում է արյունալի և ավերիչ պատերազմ Ուկրաինայի դեմ»,- ասել է Բայդենը։
Ամերիկյան վարչակազմի ղեկավարը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը հրթիռներ չի տեղակայելու Ուկրաինայում: Նա հավելել է, որ ուկրաինական սահմանից ռուսական զորքերի դուրսբերման փաստը դեռ պետք է ստուգվի:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է Ուկրաինա ներխուժել փետրվարի 16-ին: Բրիտանական The Sun-ը նշել է, որ հարձակումը կարող է տեղի ունենալ Մոսկվայի ժամանակով 4:00-ին:
Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատերազմ չի ցանկանում։