ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև կայացած երկրորդ հանդիպումը գնահատում եմ դրական։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցին։
«Կողմերը վերահաստատել են, որ գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների, և դրանց վերջնարդյունքը հարաբերությունների կարգավորումն է, ՀՀ-Թուրքիա սահմանի բացումը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ քննարկումը շատ ավելի կոնկրետ է եղել, քան առաջինը, բայց շոշափելի արդյունքներ այս պահին դժվար է ակնկալել։
Միրզոյանը հայտնեց, որ հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպման տեղի ու ժամանակի մասին դեռևս որոշում չկա։
Անդրադառնալով հարցին, թե Անթալիայի դիվանագիտական ֆորումին ՀՀ-ին ուղղված հրավերի վերաբերյալ կա՞ որոշում՝ նախարարը բացասական պատասխան տվեց։ «Անթալիայի վերաբերյալ առայժմ որոշում չկա։ Երբ ժամկետները մոտենան, որոշում կկայացնենք»,- ասաց Արարատ Միրզոյանը։