Ադրբեջանը դեռևս չի ներկայացրել անկլավների մասին իրավական հիմքեր, մինչդեռ հայկական կողմն ունի իրավական հիմնավորումմներ Ադրբեջանի տարածքում գործող անկլավների մասին։ Այս մասին կառավարության նիստին հաջորդող ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Մենք ակնկալում ենք, որպեսզի Ադրբեջանն իրավական հիմքեր ներկայացնի իր ներկայացվող անկլավների հարցով»,- ասաց Գրիգորյանը։
Խոսելով սահմանազատման հանձնաժողովների մասին՝ ԱԽ քարտուղարն ասաց, որ հույս ունի, որ մոտ ապագայում գոյություն ունեցող տեխնիկական հարցերին լուծում կտրվի և աշխատանքային խումբը կհանդիպի։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ու Հայաստանի ներկայացրած փաթեթներին, ապա Գրիգորյանը կարծում է, որ դրանք պետք է միացնել ու խաղաղության բանակցություններ սկսել։ Նրա խոսքով՝ Բրյուսելում այս հարցը բարձրացվել է։
«Հույս ունենք, որ ինչ-որ պահի գալու ենք ընդհանուր հայտարարի։ Խաղաղության պայմանագիրը չի կարող լինել միակողմանի»,- ասաց նա։
Խոսելով դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովի մասին՝ Արմեն Գրիգորյանն ասաց, որ դրա կազմը պատրաստ է։ Երբ պատշաճ պահը լինի, աշխատանքային խմբի կողմից հայտարարություն կհրապարակվի, որով կհանրայնացվեն խմբի անդամների ղեկավարների անունները։