Հայաստանի Խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, իբր, մասնակցել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի՝ ներկայիս իշխանությունների հետ կապ հաստատելու փորձերին։
Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում Սիմոնյանը, մասնավորապես, ասել է, որ Վանեցյանը իրեն զանգել է Թովմասյանի հարցով: Ինչպես հայտարարել է Ալեն Սիմոնյանը, այդ զանգը եղել է 2019թ. առաջին կեսին՝ Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնին լինելու շրջանում։
Ըստ փոխնախագահի՝ խոսակցության ընթացքում Վանեցյանը հայտնել է, որ Թովմասյանը «առաջարկում է և պատրաստ է աշխատել և համագործակցել» և միայն խնդրում է, որ հնարավորինս քիչ ենթարկվի քննադատության։ Սիմոնյանը հարցազրույցի ընթացքում կարծիք է հայտնել, որ այդ խոսակցության ընթացքում Վանեցյանը միայնակ չի եղել, և այդ խոսակցությունը լսել են նաև այլ մարդիկ։