ՀԱՊԿ-ը վերջին 30 տարիների ընթացքում եղել և մնում է կազմակերպության պատասխանատվության գոտում կայունության և անվտանգության հիմնական գործոնը: Այս մասին «ՀԱՊԿ դաշնակիցները՝ 30 տարի Հավաքական անվտանգության պաշտպանության ներքո» ֆիլմում տեղի ունեցած հարցազրույցում հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ կառույցի օրակարգի կարևորագույն հարցերից մեկը ճգնաժամային արձագանքման մեխանիզմների հարցն էր: Վերջերս այդ մեխանիզմները կիրառվեցին Ղազախստանում, ուր ուղարկվեցին ՀԱՊԿ խաղաղապահները։
Նա նշել է, որ ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիման վրա, և երբ ստացվել է պետությունների բոլոր ղեկավարների համաձայնությունը՝ դե յուրե, գործարկվել է խաղաղապահ ուժեր Ղազախստան ուղարկելու մեխանիզմը:
Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը անկախություն է ձեռք բերել հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրումից ընդամենը մեկուկես տարի առաջ, երբ երկրի առջև բազմաթիվ մարտահրավերներ էին ծառացած: «Այդ պատճառով մենք ՀԱՊԿ – ի նման կառույցի կարիք ունեինք», – ասել է ՀՀ կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ Հայաստանի գլխավոր նպատակն այն ժամանակ Ռուսաստանի հետ անվտանգության միասնական գոտում գտնվելն էր: