Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, հաշվի առնելով որոշ լրատվամիջոցների կողմից դեկտեմբերի 9-ի որոշման (Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով վարույթի հարուցում) վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկատվության տարածումը, հայտարարություն է տարածել։
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ հանձնաժողովը 2019 թ. դեկտեմբերի 9-ին լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա իր նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել:
Վարույթի հարուցումը որոշ լրատվամիջոցների կողմից ներկայացվել է որպես խախտման փաստի արձանագրում, ինչը չի համապատասխանում իրականությանը:
Հանձնաժողովի տարածած հայտարարության համաձայն՝ հարուցված վարույթի շրջանակներում հանձնաժողովն ուսումնասիրում է առերևույթ խախտման վերաբերյալ փաստերը:
«Քննարկվող հարցին առնչվող բոլոր նյութերը, փաստաթղթերն ու տեղեկությունները (այդ թվում՝ կողմերից ստացված) ուսումնասիրելուց հետո հանձնաժողովն օրենքով սահմանված ժամկետում կընդունի և կհրապարակի հանձնաժողովի եզրակացությունը խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ: Շահագրգիռ լինելով հանրությանն առավել օբյեկտիվ և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու հարցում՝ լրատվամիջոցներին խնդրում ենք հանձնաժողովի որոշումները ներկայացնելիս մեկնաբանություններ և տեղեկություններ ստանալու կամ հարցեր ունենալու դեպքում դիմել հանձնաժողով»,- ասված է հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ։