ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն առաջարկել է իր ֆրանսիացի և ռուս գործընկերներին Լեռնային Ղարաբաղի ապագայի հարցով հանդիպում անցկացնել: Սակայն, ինչպես հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը, ՄԽ ռուս համանախագահը մերժել է այդ առաջարկը։
«Մենք անհամբերությամբ սպասում ենք Մինսկի խմբի աշխատանքի շարունակությանը»,- ասված է Պետդեպարտամենտի Twitter-ի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նախօրեին կայացած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարօրինակ էր անվանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Մինսկի խումբը, ըստ էության, դադարեցրել է իր գործունեությունը: Փաշինյանը հիշեցրել է, որ ՌԴ նախագահի հետ համատեղ հայտարարության 24-րդ կետում ասվում է, որ կողմերը պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի ներուժն օգտագործեն ՄԽ միջազգային մանդատին համապատասխան: Փաշինյանն ընդգծել էր, որ խոսքը ՌԴ պաշտոնական դիրքորոշման մասին է։ Փաշինյանը շեշտել էր նաև, որ Մինսկի խումբը չի հայտարարել աշխատանքը դադարեցնելու մասին։