«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ներկայացրել է այն կետերը, որոնք ընդդիմության կողմից պետք է ներառված լինեին ԱԺ հայտարարության տեքստում՝ ադրբեջանական հարձակման վերաբերյալ:
Հաշվի առնելով իշխող ուժի կողմից կետերը չներառելու փաստը՝ նա նշեց. «Նրանք մեր զինվորների արյան վրա արյունոտ շոուն էին կազմակերպել այս դահլիճում, որի նպատակը ընդամենը այս կամ այն քաղաքական ծուղակ ձևակերպելն էր: Իշխող խունտայի շահերից չէր բխում ստանալ հայամետ հայտարարություն: Իրենց միակ նպատակը մեզնից քվերակություն կորզելն էր: Իրենք շարունակում են արյան վրա քաղաքականություն իրականացնել: Իշխող խունտայի համար մեր երկրի անվտանգությունը, մեր զինվորների արյունը քաղաքական առուծախի առարկա է»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, տվյալները վերջնական չեն:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել:
Մանրամասները՝ տեսանյութում: