Եռօրյա պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկով հայ խորհրդարանականները հոկտեմբերի 11-ին հանդիպել են Պետական դումայի «Միացյալ Ռուսաստան» կուսակցության խմբակցության ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը։
«Մենք հիմա շատ անհանգիստ ժամանակներում ենք ապրում, ինչն անմիջական ազդեցություն է ունենում երկրների ու ժողովուրդների վրա»,- հանդիպման սկզբում նշել է ՀՀ ԱԺ նախագահը՝ ասելով, որ ռուս գործընկերներից ակնկալում է արդյունավետ և անկեղծ համագործակցություն անվտանգային և տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու հարցերում:
Հանդիպումն ընթացել է բարեկամական մթնոլորտում: Ռուս գործընկերները մատնանշել են համատեղ նախագծերի հաջող իրականացման փաստը, մասնավորապես, բարձր է գնահատվել միջխորհրդարանական բարեկամական խմբերի փոխգործակցությունը:
Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը: ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ սահմանում ադրբեջանական ԶՈւ-ն երեկ կրկին հրաձգություն է իրականացրել: Հայկական կողմը ռուս գործընկերներին է փոխանցել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Ջերմուկ առողջարանային քաղաքում ստեղծված իրավիճակը, ենթակառուցվածքներին հասցված վնասները:
«Մենք` որպես իշխող կուսակցություն, պատրաստակամ ենք ձեր բարձրացրած հարցերի շուրջ տարբեր ձևաչափերի քննարկումներ և խորհրդակցություններ անցկացնել»,- նշել է խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևը:
Քննարկվել են Ռուսաստանում ապրող հայերի կենսագործունեությանն առնչվող հարցեր: