ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները տեսակոնֆերանսի ձևաչափով կքննարկեն Երևանին օգնություն ցուցաբերելու առաջարկները: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա հստակեցրել է, որ ներկայումս մշակվում է առաջիկայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու հարցը:
«Ենթադրվում է, որ առաջիկա նիստի ընթացքում անդամ պետությունների ղեկավարները տեսակոնֆերանսի ռեժիմով կքննարկեն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները և կքննարկեն Երևանին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ առաջարկությունները: Խոսքը նաև Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների վերաբերյալ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծի մասին է, որը ևս կքննարկվի»,-հայտարարել է Զախարովան:
Զախարովան հավելել է, որ ավերոնշյալի մասին լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն նաև ՀԱՊԿ քարտուղարության գծով:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Երևանը դեմ չէ ՀԱՊԿ դիտորդների տեղակայմանը հայ-ադրբեջանական սահմանին: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններում ասել է, որ ՀԱՊԿ-ն պատրաստ է իր դիտորդներին ուղարկել Հայաստան: