Հայ ժողովուրդն առերեսվեց անվտանգային նոր սպառնալիքների, որոնք մինչ այս պահը վերացված չեն: Այս մասին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, փոխանցում է ՀՀ ԱԳՆ-ն։
Նա նշել է, որ այս իրավիճակը երկարատև գործընթացի արդյունք է, երբ տարիներ շարունակ հայերի հանդեպ իրականացվող ծայրահեղ ատելության տարածումը, ռազմական կարողությունների հետևողական զարգացումը, ի վերջո, վերածվեցին ուժի կիրառման:
«Հարկ է նշել, որ ուժի կիրառմամբ արտաքին քաղաքական խնդիրների լուծման մոտեցումը, որը դրսևորվում է աշխարհի տարբեր անկյուններում նոր պատերազմների և հակամարտությունների բռնկմամբ, վկայում է համաշխարհային անվտանգային համակարգի ճգնաժամի մասին: Ակնհայտ է, որ ուժը միշտ էլ եղել է միջազգային հարաբերությունների կարևոր գործոն, սակայն որևէ միջազգային համակարգ չի կարող հիմնված լինել բացառապես «ուժն է ծնում իրավունք» սկզբունքի վրա, քանզի, ինչպես գիտենք, ուժեղից միշտ էլ առավել ուժեղը կա, և հարատև պատերազմն անգամ չի կարող արձանագրել ուժերի վերջնական ճշգրիտ հավասարակշռությունը»,- նշել է Միրզոյանը:
Նա ընդգծել է, որ առանց խաղաղ համակեցության համընդհանուր նորմերի, միջազգային իրավունքի և երկակի ստանդարտների չենթարկվող կարմիր գծերի, աշխարհը չի կարող վերագտնել խաղաղություն և զարգացում:
Միրզոյանը նշել է նաև, որ 21-րդ դարն ու նոր տեխնոլոգիաների զարգացումը չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ նաև Ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի վրա։
«Այսօր ծառացել են նոր մարտահրավերներ, հայտնվել են նաև նոր գործիքներ ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղման համար։ Այս ֆորումի աշխատանքների շրջանակներում հրավիրում եմ բոլորիդ քննարկում ծավալել հնարավոր առկա նոր գործիքները ի չարս օգտագործելու դեմ պայքարի, և ի բարօրություն գործածելու արդյունավետ մեխանիզմների մասին»,- ասել է նա։