«Էրդողանական» Թուրքիան հենց այս պահին շատ վտանգավոր հակառակորդ է, ասել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։ Նա հորդորել է չտրվել պատրանքներին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ հասարակության մեջ հաճախ թյուր կարծիք կա, թե «Թուրքիան ամբողջությամբ չեզոքացվել է»։
«Թուրքիայում աղետալի երկրաշարժի հետևանքով ի հայտ եկած հումանիտար աղետի խորապատկերին էրդողանական վարչախումբը հսկայական, կարծում եմ՝ որոշ դեպքերում անդառնալի, ներքաղաքական և արտաքին քաղաքական իմիջային կորուստներ է կրում»,- գրել է նա։
Ըստ արևելագետի՝ առասպելն այն մասին, որ «Էրդողանական» Թուրքիան անշեղորեն և համարձակորեն լուծում է իր բոլոր խնդիրները, հօդս է ցնդում «պետության կողմից անհուսության և անօգնական վիճակում թողնված թուրք քաղաքացիների անձնական ողբերգությունների կադրերով»։
Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավում տեղի է ունեցել 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որն ուղեկցվել է հզոր հետցնցումներով։ Ավելի ուշ Թուրքիայի կենտրոնական հատվածում եւս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այն զգացվել է Սիրիայում՝ Դամասկոսում, Լաթաքիայում և այլ նահանգներում։ Այնուհետև կես ժամ շարունակ ցնցումներ են տեղի ունեցել տարբեր շրջաններում՝ Ադանայում, Անկարայում, Անթալիայում, Գազիանթեփում, Կայսերիում, Մերսինում, Տրապիզոնում, Շանլըուրֆայում։ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը հայտնել է, որ Թուրքիայի երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում՝ Երևանում՝ 3 բալ, Գյումրիում՝ 3-4 բալ ուժգնությամբ։
Ավելի վաղ Հայաստանի ՆԳՆ-ն փրկարարներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ փետրվարի 6-ի երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար։