Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում։
«Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ես ասացի, որ Ադրբեջանը նախաձեռնել է դրա ստեղծումը, մենք դա համարում ենք մեր օրինական իրավունքը, և դա աջակցում է Ռուսաստանը»,- ասել է նա։
Ի պատասխան Ալիևի խոսքերի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ առաջին անգամ է լսում, որ Ռուսաստանն աջակցում է այս նախագծին։ Այս թեմայով նա դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Վլադիմիր Վլադիմիրովիչ, կներեք, շատ հետաքրքիր է իմանալ, որ Ռուսաստանն աջակցում է այն նախագծին, որի մասին մենք խոսեցինք: Անկեղծ ասած՝ առաջին անգամ եմ լսում այդ մասին։ Ես գիտեմ, որ Ռուսաստանն աջակցում է բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների բացմանը մեր տարածաշրջանում»,- ընդգծել է Հայաստանի վարչապետը։
Պուտինն ընդհատել է քննարկումն ասելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային ամբողջականության հիմնարար հարցերի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը հիմք է երկրորդական հարցերի շուրջ համաձայնության գալու համար։
«Հուսով եմ, որ ձեռք կբերենք որոշ պայմանավորվածություններ, որոնք իրավիճակը կդնեն կառուցողական զարգացման ճանապարհին ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլև ամբողջ տարածաշրջանում»,- նշել է ՌԴ նախագահը։ Նա կոչ է արել այսքանով կանգ առնել։
Այսօր ավելի ուշ՝ մայիսի 25-ին, բոլոր երեք առաջնորդները պետք է հանդիպեն եռակողմ գագաթնաժողովում: