ԱՄՆ-ի հետ զորավարժություններ անցկացնելը Հայաստանի սուվերեն որոշումն է, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանն՝ անդրադառնալով սեպտեմբերի 11-20-ն անցկացվելիք «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժությունների շուրջ մեկնաբանություններին։
«ՀՀ տարածքում զորավարժություններ անցկացնելը Հայաստանի սուվերեն որոշումն է։ Հասկանում եմ, որ տարբեր կողմեր կարող են անհանգստություններ ունենալ, բայց դա մեր երկրի սուվերեն որոշումն է»,-շեշտել է նա՝ անդրադառնալով հատկապես ռուսական կողմի դժգոհություններին։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 6-ին հայտարարել է, որ սեպտեմբերի 11-20-ն կանցկացվեն «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժություններ։ Պենտագոնից հայտնել են, որ զորավարժությանը կմասնակցեն 85 ամերիկացի և 175 հայ զինծառայողներ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ Հայաստանի և ԱՄՆ-ի զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունը զգուշավորություն է առաջացնում։
Ապրիլի 6-ին Պենտագոնի կայքում «Defender 2023» բազմազգ զորավարժության մասին հաղորդագրության մեջ մասնակից երկրների ցուցակում նշված էր նաև Հայաստանը: Որոշ ժամանակ անց, սակայն, ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը խմբագրել էր հաղորդագրությունը, և Հայաստանն այլևս մասնակիցների ցանկում ներառված չէր:
Մանրամասները՝ տեսանյութում։