Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին:
«Ցավոք՝ Արցախի հայերի ցեղասպանության հավանականությունն այժմ ավելի մեծ է, քանի որ ամիսներ տևած շրջափակումից ու սովի մատնելուց հետո Ադրբեջանը լայնածավալ հարձակում է իրականացրել խաղաղ բնակիչների վրա: Մենք կոչ ենք անում ԱՄՆ վարչությանն ու միջազգային հանրությանն անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ մարդկային աղետը կանխելու համար»,- գրել է նա։
Քարդաշյանն իր միլիոնավոր հետևորդներին հիշեցրել էր Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման վերաբերյալ իր և պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանի հոդվածը Rolling Stone պարբերականում՝ սեպտեմբերի 8-ին:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Պայմանավորվածության պայմաններն են՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։