Եվրոպական European Security & Defence (ESD) թերթը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը չի լուծվել և գնահատել է Ադրբեջանի՝ Հայաստան ներխուժելու ռիսկերը՝ անկլավներ նվաճելու նպատակով։ Լրատվամիջոցը նշել է մոտ ապագայում իրադարձությունների զարգացման երեք սցենար։
«Այն սցենարում, երբ Ադրբեջանը փորձում է ուժով կապել իր տարածքը վերոնշյալ անկլավների հետ, պետք է գրոհի անցնի երեք ուղղություններով՝ մինչև 8-9 կմ խորությամբ, ինչը, հավանաբար, կհանգեցնի բարդ բազմօրյա պատերազմի»,- գրել է թերթը։
ESD-ն նշել է, որ նման ներխուժումը Բաքվի համար բարդ կլինի դիվանագիտորեն «վաճառել» և ներկայացնել որպես սահմանային փոխհրաձգություն, ինչն էլ կհանդիսանա որպես զսպող միջոց։
Թերթն ամենահավանական սցենարն անվանել է հայ-ադրբեջանական սահմանի նոր գծի վրա գործողություն՝ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի մասշտաբով։ «Եթե դա հաջողվի, կարող է էապես փոխել մարտավարական իրավիճակը սահմաններին, ինչպես նաև ավելի մեծ ճնշում գործադրել Հայաստանի ղեկավարության վրա՝ գնալու ավելի միակողմանի զիջումների, ամենայն հավանականությամբ՝ կապված Զանգեզուրի միջանցքի և/կամ անկլավների հետ»,- բացատրել է ESD-ն:
Հոդվածի հեղինակ, ռազմական դիտորդ Լեոնիդ Ներսիսյանի կարծիքով՝ Բաքուն կստեղծի սահմանի մոտ գտնվող համեմատաբար մեծ հայկական քաղաքը շրջապատելու վտանգ։ «Եթե 2022 թվականին Ջերմուկն էր, ապա հաջորդը կարող է լինել Գորիսը (սահմանից 9 կմ) կամ Վարդենիսը (սահմանից 15 կմ հեռավորության վրա)՝ Սևանա լճի ափին»,- պարզաբանել է նա։
Ներսիսյանը ամենաքիչ հավանական սցենար է համարում ադրբեջանական զինուժի լայնամասշտաբ ներխուժումը Հայաստան՝ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մեծ մասը գրավելու նպատակով, քանի որ այս դեպքում հնարավոր է Երևանին Թեհրանի անմիջական ռազմական աջակցությունը։
Նախատեսվող ռազմական գործողություններում երկրների ներուժը գնահատելիս թերթը նշել է Ադրբեջանի առավելությունը՝ 2020 թվականի պատերազմի և վերջին երեք տարիների փոխհրաձգությունների հետևանքով ավելի ցածր ծախսերի և կորուստների պատճառով։
Այնուամենայնիվ, երկարաժամկետ հեռանկարում ESD-ն չի բացառել Հայաստանի գերազանցությունը՝ հաշվի առնելով երկրի տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսական աճը և Ադրբեջանի նավթից կախված տնտեսությունը, որն ակնկալվում է, որ մինչև 2030 թվականը կնվազի: «Սակայն մինչև 2030 թվականը դեռ շատ ժամանակ կա և, հետևաբար, Հայաստանը պետք է պաշտպանի իրեն ներկա պահին»,- եզրափակել է հեղինակը։
Նոյեմբերի 7-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն նոր տարածքային պահանջներ էր հնչեցրել և հայտարարել, որ Հայաստանն իրեն չի փոխանցել «ութ ադրբեջանական գյուղ»։ Մանրամասն այն մասին, թե արդյոք անկլավները Բաքվի հաջորդ նպատակն են, թե՞ Հայաստանի հետ սակարկության առիթ, կարդացեք և դիտեք մեր տեսանյութում։