«Հրապարակ» թերթի տվյալներով՝ պատգամավոր Լևոն Քոչարյանը մտադիր է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում աշխատել, որտեղ, խմբակցությունն իր քվոտան արդեն սպառել է։ Թերթը հիշեցրել է, որ «Հայաստան» դաշինքից հանձաժողովում ընդգրկված է 3 պատգամավոր՝ Արմեն Ռուստամյանը, Քրիստինե Վարդանյանը և Ասպրամ Կրպեյանը։
Քոչարյանը պետք է ներառվի որևէ մշտական հանձնաժողովում, քանի որ դա օրենքի պահանջ է։
Ըստ «Հրապարակ»-ի՝ խմբակցությունում որոշել են ընդհանուր ռոտացիա իրականացնել՝ տեղափոխություններ անելով բոլոր մշտական հանձնաժողովներում, բայց արդեն՝ հաջորդ նստաշրջանում, ինչը հնարավորություն կտա պատգամավորին մտնել հանձնաժողով:
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն նոյեմբերի 6-ի արտահերթ նիստում ընդունված արձանագրությամբ կալանքի տակ գտնվող Լևոն Քոչարյանին պատգամավորի մանդատ էր փոխանցվել։
Նոյեմբերի 5-ին կալանավորված Լևոն Քոչարյանի փաստաբանական խմբից հաստատել էին, որ իրենց պաշտպանյալը պատգամավոր է դառնալու։
Նոյեմբերի 3-ին հայտնել էինք, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ, «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Անժելա Նալբանդյանը (դաշինքի նախընտրական ցուցակի 48-րդ համարը) չի վերցնի պատգամավորական մանդատը, որը պետք է ստանար դաշինքի պատգամավորներ Արմեն Չարչյանի, Միհրդատ Մադաթյանի (դաշինքի ընտրական ցուցակի 47-րդ համար) և Գերասիմ Վարդանյանի (դաշինքի նախընտրական ցուցակի 49-րդ համարը) կողմից պատգամավորական մանդատներից հրաժարվելուց հետո։ Դաշինքի ցուցակում հաջորդը Լևոն Քոչարյանն էր։
Նոյեմբերի 2-ին «Հրապարակ»-ը գրել էր, որ դաշինքը որոշել էր մանդատը փոխանցել Լևոն Քոչարյանին (դաշինքի նախընտրական ցուցակի 50-րդ համարը), ով կալանավորվել էր սեպտեմբերի 25-ին ( հոկտեմբերի 19-ին դատարանը երկարացրել էր կալանքը երկու ամսով): «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Armenia Today-ի հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ հաստատել էր այս տեղեկությունը և հորդորել էր արել սպասել հայտարարությունների։
Սեպտեմբերի 22-ին Լևոն Քոչարյանը կարմիր բերետավորների կողմից դաժան ծեծի էր ենթարկվել և հոսպիտալացվել։ Ավելի ուշ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել էր վերջինիս ձերբակալության մասին (ոստիկանները հաղորդում էին ներկայացրել, որ Լևոն Քոչարյանը 4 կարմիր բերետավորի է ծեծել)։ Սեպտեմբերի 25-ին Լևոն Քոչարյանը մեկ ամսով կալանավորվել էր: Հոկտեմբերի 16-ին վերջինիս կալանքը երկարացնելու միջնորդություն էր ներկայացվել։ Հոկտեմբերի 19-ին Լևոն Քոչարյանը կալանքը երկու ամսով երկարաձգվել էր։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, նոյեմբերի 14-ին երդվել է Հայաստանի խորհրդարանում: