Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել մոտ ապագայում, սակայն փաստաթղթում Արցախի մասին խոսք չկա, ասել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Նա նշել է, որ, իր տեղեկություններով, պայմանագիրը «մոտ է ստորագրմանը», և «այն մեծ հավանականությամբ կստորագրվի մոտ ապագայում»։
«Այդ փաստաթղթում նախկինում կար մի կետ, եթե չեմ սխալվում 9-րդ կետը, որտեղ խոսվում էր Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի մասին: Այդ կետն այսօր հանված է»,- ասել է նախկին նախարարը։
Նրա խոսքով, եթե պայմանագիրն ստորագրվի այսօրվա բովանդակությամբ, ապա դա նշանակում է, որ փակվում է Արցախի էջը:
Ավելի վաղ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ մինչև դեկտեմբերի վերջ։
Երևանը և Բաքուն դեկտեմբերի 7-ին հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որի համաձայն Ադրբեջանը ազատ է արձակելու 32 հայ զինծառայողների, իսկ Հայաստանն Ադրբեջանին է հանձնելու երկու զինծառայողի։
Բացի այդ, հայկական կողմը դրական էր արձագանքել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկին: