Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվի համար «անընդունելի» է անվանել հայ-ադրբեջանական սահմանից զորքերը դուրս բերելու Երևանի առաջարկը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը սահմանազատված չէ։ Նման պայմաններում, եթե մենք դուրս բերենք զորքերը, որտե՞ղ են երաշխիքները, որ այդ դիրքերը չի զբաղեցնի մյուս կողմը։ Ադրբեջանի համար Հայաստանի այս առաջարկն անընդունելի է»,- ասել է Բայրամովը թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսում։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 13-ին էստոնացի գործընկեր Մարգուս Ցահկնայի հետ համատեղ ասուլիսում, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների մասին, հայտարարել էր Բաքվի հետ հայ-ադրբեջանական սահմանից զորքերի դուրսբերման շուրջ քննարկման մասին։ Նա նշել էր, որ այս հարցի քննարկման նախաձեռնողը Երևանն է։
Դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի գրասենյակը և Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համատեղ հայտարարություն էին տարածել, ըստ որի՝ Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ զինվորականի, իսկ հայկական կողմն, իր հերթին, երկու ադրբեջանցի զինվորականի։ Դեկտեմբերի 13-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանն ընդունել է 32 հայ զինծառայողների, որոնք գերեվարվել էին Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների ընթացքում։