Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգները պահպանվում են, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի արդյունքում հայկական կողմն ունեցավ չորս զոհ, մեկ վիրավոր»,- ընդգծել է Մակրոնը:
Նա վերահաստատել է Ֆրանսիայի հանձնառությունը՝ շարունակել աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին: Ֆրանսիայի նախագահը համոզմունք է հայտնել, որ դրան կարող ենք հասնել միայն միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարգման դեպքում:
«Անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը փարատի երկիմաստությունը Հայաստանի տարածքային ամբողջականության և քարտեզների հետ կապված, որպեսզի բարեխիղճ աշխատանք կատարվի սահմանների սահմանազատման և սահմանագծման համար, ինչը հիմք կծառայի սահմանին երկուստեք ուժերի հետքաշման համար»,- հավելել է նա:
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր ալիք էր սկսվել փետրվարի 12-ին, երբ ադրբեջանական կողմը հայտնել էր հայկական դիրքապահի կողմից արձակած կրակի հետևանքով իր մեկ վիրավորի մասին: Հայկական կողմը հայտարարել էր, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում հայ դիրքապահների կողմից կրակ բացելու տեղեկատվությունը հետաքննվում է, նախնական տեղեկատվությամբ՝ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել:
ՀՀ ՊՆ-ն փետրվարի 13-ին հայտնել էր, որ սահմանին ադրբեջանական կողմի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։ Գերատեսչությունը հրապարակել էր զոհված զինվորականների անունները։
Մանրամասները՝ տեսանյութում: