Հայաստանը Հարավային Կովկասում զինված ֆորպոստ դարձնելու Արևմուտքի փորձերն ապագայում բացասական հետևանքներ կունենան, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի բարձրագույն օրենսդիր մարմնի պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը, հայտնել է РИА Новости-ն։
Բրյուսելում ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի եռակողմ հանդիպումն Ալիևն անվանել է «Հարավային Կովկասի համար սպառնալիքի ևս մեկ աղբյուր»։
«Նախորդ տարվա սեպտեմբերից մինչ օրս Ադրբեջանի դեմ հնչեցված Եվրախորհրդարանի և Եվրոպայի խորհրդի հայտարարությունները, ինչպես նաև Հայաստանը Հարավային Կովկասում զինված ֆորպոստ դարձնելու Արևմուտքի փորձերն ապագայում բացասական հետևանքներ կունենան։ Ուստի մենք հայտարարություններ արեցինք՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի մեր գործընկերներին զգուշացնելու այդ մասին»,- ասել է Ալիևը։
Ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը։