Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ստորագրել է «ՀՀ և ԵՄ միջև ՀՀ քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և ԵՄ քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագիրը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ համաձայնագիրն անփոխարինելի դեր կունենա Հայաստանի և Եվրոպական միության իրավասու մարմինների միջև ոլորտային համագործակցության խթանման հարցում, որի նպատակն է նպաստել փոխադարձ իրավական օգնությանը, համատեղ հետաքննության ռազմավարությունների մշակմանը և արդարադատական հարցերի հասցեագրմանն աջակցելուն:
Գերատեսչությունը հայտնում է, որ ԵՄ-ի կողմից հայաձայնագիրն ստորագրել է Արդարադատության հարցերով ԵՄ հանձնակատար Դիդիե Ռեյդերսը, իսկ ԵՄ խորհրդում նախագահող Բելգիայի կողմից և ԵՄ անդամ պետությունների անունից՝ Բելգիայի փոխվարչապետ, Հյուսիսային ծովի և արդարադատության հարցերով նախարար Փոլ Ֆան Թիխելտը:
Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ-ն սերտ համագործակցություն ունի «Եվրաջասթ», ինչպես նաև «Եվրոպոլ» գործակալությունների հետ նույնիսկ առանց այս համաձայնագրի, բայց հիմա այս համաձայնագիրն ամրապնդում և ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դնում համագործակցությունը։
«Այս համաձայնագրի ստորագրումով մենք նաև մեկ քայլ մոտենում ենք ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք իրականացմանը, բայց սա նաև դռներ է բացում փորձի փոխանակման և կարողությունների զարգացման նոր հնարավորությունների համար»,- նշել է նա:
2021թ. սեպտեմբերի 16-ին «Եվրոպոլը» և Հայաստանն ստորագրել էին ռազմավարական համագործակցության համաձայնագիր` համագործակցությունն անդրսահմանային հանցավոր գործունեության դեմ պայքարում ընդլայնելու նպատակով: