ՀՀ ԱԳՆ-ն կեղծ է անվանել ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված՝ «Հայաստանի ազգային անվտանգության և ռազմական ոլորտն ընդլայնելու» փաստաթուղթը, որի շուրջ, իբրև թե, համաձայնություն է ձեռք բերվել ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետի, Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման ժամանակ։
Ադրբեջանական ԶԼՄ-ները գրել էին, որ այդ փաստաթուղթը ՀԱՊԿ-ի ստանդարտներից ՆԱՏՕ-ի չափանիշներին տեղափոխելու Արևմուտքի մտադրության մասին է։
«Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել: Իրականում՝ բրյուսելյան հանդիպումը Հայաստանի դիմակայունության ու տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին էր, ինչի շուրջ անտեղի աղմուկ է ստեղծվել, որը չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Նա նշել է, որ բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ «Բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին»։
Ապրիլի 18-ին Մոսկվան Երևանից պարզաբանումներ է ակնկալել ապրիլի 5-ին Բրյուսելում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների վերաբերյալ։ Մասնավորապես, ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ խոսքը «Հայաստանի ազգային անվտանգության և ռազմական ոլորտն ընդլայնելու» փաստաթղթի մասին է, որը նախատեսում է փոխարինել ռուսական ռազմակայանը և ռուս սահմանապահներին։
Բրյուսելում ապրիլի 5-ին եռակողմ հանդիպում էր կայացել Հայաստանի վարչապետի, Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի միջև։ Հանդիպումից հետո հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը 270 մլն եվրո կհատկացնի Հայաստանի զարգացմանն առաջիկա չորս տարվա կտրվածքով, իսկ ԱՄՆ-ն պատրաստ է 65 մլն դոլարի չափով օգնություն տրամադրել։