«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «բնական գործընթացի մաս է» անվանել ՀԱԿ անդամների՝ Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի հետ հանդիպումը։
«Խոսել ենք գործընթացների մասին, իրենց դիրքորոշման։ Երկար տարիներ բարեկամություն, մտերմություն ենք անում։ Բնական գործընթացի մաս է կազմում։ Իրենք բազմաթիվ հեռուստաելույթներով, հրապարակային հայտարարություններով արտահայտել են իրենց կարծիքը»,- նշել է Սրբազանը։
Նրա խոսքով՝ կուսակցությունները շատ են, ցանկալի կլինի, որ մայիսի 18-ի հանրահավաքին բոլորը ներկա լինեն, որպեսզի միասին որոշակի եզրահանգման գան։ Նա հավելել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից հանդիպման վերաբերյալ արձագանք չի եղել։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 16-ին Կիրանցի բնակիչները, ի նշան բողոքի, երկրորդ անգամ փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։