ՔՊ քարտուղար Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ դատական գործընթաց ենք սկսելու, հունիսի 19-ին հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը։
Նրա խոսքով՝ շարժման ամբողջ ժամանակահատվածում խորհրդարանի ամբիոնը դարձել է պարզապես հակաքարոզչության, «կեղտոտ քարոզչության միջոց», որտեղ մարդիկ ինքնադրսևորվում են։
«Դրանցից մեկին, որն իրեն շատ երևակայել է կյանքում, և որոշ տեղեկություններ կան, դուք էլ կհաստատեք, որ անցել է թմրանյութերի գործով, Արթուր Հովհաննիսյան է անունը, այս օրերին մենք դատական գործընթաց են սկսելու իր այդ հայտարարությունների համար, մանավանդ՝ վերջին»,- ասել է Գալստանյանը։
Նա հիշեցրել է, որ դատական գործընթաց են սկսել լրագրող Դավիթ Լևոնյանի հանդեպ, որն իրեն անվանել էր Կրեմլի գործակալ։
«Դա էլ ԱԱԾ-ի միջոցով հերքվեց։ Ի դեպ՝ ես չեմ հետևել, բայց լսել եմ, ինչ-որ մեկը պատգամավորների շարքից որակել է, որ ԱԱԾ-ն այդպիսի տեղեկություն չի կարող տալ, որի հայտարարությունը ևս ԱԱԾ-ի կողմից անհետևանք է մնացել»,- ասել է Գալստանյանը։
Հունիսի 3-ին տեղեկացրել էինք, որ Բագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել Civic.am լրատվական գործակալության լրագրող Դավիթ Լևոնյանի դեմ՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել իր մասին ապրիլի 27-ին հրապարակված «զրպարտություն համարվող տվյալները»։
Նա, մասնավորապես, լրագրողից պահանջել էր հերքել այն հայտարարությունը, թե «զբաղվում է հայրենավաճառությամբ, փորձում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, դրա փոխարեն Կրեմլից ստանում է միլիոնավոր դոլարներ, գումարներ է վատնել, փորձել է գահընկեց անել Գարեգին Բ-ին, նաև ԿԳԲ-ի գործակալ է»։ «Փաստինֆո»-ին Դատախազությունից հայտնել էին, որ ԱԱԾ-ն հերքել է արքեպիսկոպոսի՝ գործակալ լինելու մասին տեղեկատվությունը։
Հունիսի 7-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի կարծիքով՝ Ազգային անվտանգության ծառայությունը չի կարող հերքել այս կամ այն անձի՝ գործակալ լինել-չլինելու հանգամանքը։