Պետական այցով Իտալիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ հոկտեմբերի 8-ին այցելել է Բոլանիա՝ Հյուսիսային Իտալիայի Էմիլիա-Ռոմանիա շրջանի մայրաքաղաք և հյուրընկալվել Բոլոնիայի համալսարանում։
Այն ընդգրկված է աշխարհի լավագույն ուսումնական հաստատությունների շարքում, ունի 10 հետազոտական և վերապատրաստման կենտրոն, շուրջ 88 հազար ուսանող և մոտ 2800 գիտաշխատող:
Բոլոնիայի համալսարանում տեղի է ունեցել Հայաստանի նախագահին կրթօջախի բարձրագույն՝ «Sigillum Magnum» մեդալով պարգևատրելու արարողությունը։
Համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ֆրանչեսկո Ուբերտինին, Alma Mater Studiorum Բոլոնիայի համալսարանի անունից ողջունելով Հայաստանի նախագահին, մասնավորապես նշել է. «Մեր համալսարանը Ձեզ ողջունում է ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության նախագահի, որպես առաջին նախագահի, որը պատվել է մեզ իր այցով, այլ նաև որպես համալսարանի պրոֆեսորի, հարգարժան ֆիզիկոսի»։
Հայաստանի նախագահին հանձնելով պատվավոր «Sigillum Magnum» մեդալը՝ Ֆրանչեսկո Ուբերտինին ասել է. «Մենք ի սրտե ցանկանում ենք ամրապնդել մեր բարեկամությունը»:
Նախագահ Սարգսյանը միջոցառման մասնակիցներին հակիրճ ներկայացրել է իր նոր գիրքը, որը վերաբերում է քվանտային աշխարհին, մասնավորապես նշելով. «Քվանտային աշխարհը նոր աշխարհակարգի ձևավորման մասին է, որն այնպիսին չէ, ինչպիսին մենք բոլորս կարծում ենք: Այն շատ տարբեր է, քանի որ ներկա աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է, և զարգացումները տեղի են ունենում այլ կերպ»։