ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին և գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Արկադիուշ Լեգիչին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր:
Նշվում է, որ Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների դեպքերը, որոնք արձանագրվել են Ադրբեջանի վերջին ագրեսիայի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանման ընթացքում:
«Պաշտպանը հատուկ անդրադարձել է ԼՂ հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների քաղաքականությանը, ինչպես նաև ադրբեջանական ուժերի կողմից խոշտանգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերին: Պաշտպանը ներկայացրել է նաև իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքները՝ շեշտելով բռնի տեղահանված անձանց իրավունքների շարունակական երաշխավորման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՄԻՊ գրասենյակի փոխանցմամբ՝ հանդիպման շրջանակում Անահիտ Մանասյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությամբ պայմանավորված` մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին՝ արձանագրելով, որ մարդու իրավունքների պաշտպանության և երաշխավորման տեսանկյունից խիստ մտահոգիչ է ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում։
«Կողմերը քննարկել են Պաշտպանի կողմից արձանագրված մարդու իրավունքների կոպիտ խախտումների՝ միջազգային իրավունքին հանրածանոթ մեխանիզմների ներդրմամբ հասցեագրման կարևորությունը: ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարը այս համատեքստում կարևորել է Պաշտպանի մանդատի շրջանակում թե՛ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին, և թե՛ պետությանը ներկայացվող առաջարկությունները»,- ասված է հաղորդագրությա մեջ:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։