Եթե Բրյուսելում հանդիպում տեղի չունենա, մեր օրակարգը կմնա նույնը՝ հարթակ տրամադրողները կփոխվեն, հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից բրյուսելյան հանդիպման հնարավոր բոյկոտին՝ ՀՀ վարչապետի եվրախորհրդարանում ունեցած ելույթի հետ կապված։
«Գրանդայում կայանալիք հանդիպմանը Ալիևը չգնաց և եթե նա հրաժարվի նաև Բրյուսելում կայանալիք հանդիպումից, այդ խնդիրն արդեն Հայաստանի խնդիրը չէ, դա արդեն Շառլ Միշելի և եվրոպական ընտանիքի խնդիրն է՝ եթե իրենք հնարավորություն չունեն Ալիևին բերելու այդ հարթակում բանակցությունների, ուրեմն այդ հարթակը այլևս կդառնա անարդյունավետ։ Եթե տեղի չի ունենում Բրյուսելի հանդիպումը, մենք կարող ենք մյուս բոլոր հարթակներով հանդիպումներին մասնակցել։ Խաղաղության բանակցություններին այլընտրանք չկա, այդ բանակցություններն ընթանալու են՝ կլինի դա եռակողմ, երկկողմ, թե այլ։ Եթե Բրյուսելում հանդիպում տեղի չունենա, մեր օրակարգը կմնա նույնը՝ հարթակ տրամադրողները կփոխվեն, թող հարթակ տրամադրողներն էլ մտածեն դրա շուրջ»,- ասել է Մարուքյանը՝ նշելով, որ եվրոպական կողմն է երկար ժամանակ համոզել ՀՀ-ին վերադառնալ այդ հարթակ բանակցությունների։
Դեսպանը մեկնաբանել է նաև Մեղրիի երկաթուղու հետ կապված ադրբեջանական կողմի դիրքորոշման փոփոխությունը՝ գովելի համարելով ՀՀ սուվերեն տարածքի ընդունման վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությունները։
«Վերջին շրջանում հրապարակային հայտարարություններում իրենք ասում են, որ ճանապարհային հատվածը մենք կշարունակենք օգտագործել Իրանի տարածքը և գնացքի մասով սկսում է խոսակցությունը շարունակվել արդեն Հայաստանի տարածքի մասին։ Երբ, որ բանակցությունները տեղի կունենան, հույս ունեմ, որ այդ խնդիրը կկարգավորվի»,- ասել է Մարուքյանը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել էր ՀՀ վարչապետի Եվրախորհրդարանում ունեցած ելույթին՝ նշելով, որ վերջինիս հայտարարությունները ի ցույց են դնում ՀՀ ագրեսիվ դիրքորոշումն ու Ադրբեջանին մեղադրելու ցանկությունը։ Համաձայն ադրբեջանական գերատեսչության հայտարարության՝ «թեև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու և Հարավային Կովկասի տարածաշրջանը խաղաղության և համագործակցության վայրի վերածելու պատմական հնարավորություններ են ի հայտ եկել Ղարաբաղի սպառնալիքի վերացումից հետո, Հայաստանի վարչապետի շարունակվող ագրեսիվ հռետորաբանությունը խաթարում է խաղաղության հեռանկարները»։