ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հոկտեմբերի 27-ին հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Նախարարների հեռախոսազրույցի վերաբերյալ ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Ջոն Քիրբիի հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում երկու երկրների հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր:
ԱՄՆ պաշտպանության նախարար Օսթինը հայտնել է, որ ԱՄՆ-ն տեղյակ է Թուրքիայի ռազմական արդիականացման կարիքների մասին։ Օսթինը նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիային Անկարայում Պենտագոնի պատվիրակությանը հյուրընկալելու համար:
Նախօրեին Պենտագոնի հայտարարության մեջ նշվում էր, որ Անկարայում ԱՄՆ պաշտպանության նախարարության պատվիրակությունը բանակցություններ է վարում Թուրքիային F-35 ծրագրից հեռացնելու շուրջ։ Նաև տեղեկացվում էր, որ կողմերն առաջիկա ամիսներին կրկին կհանդիպեն Վաշինգտոնում։