«Ինքնասիրություն ունեցող բոլոր վրացիները պետք է վիրավորվեն։ Մենք շահեցինք այս ընտրությունները, իսկ իշխանությունը յուրացրած ավազակների խումբը ձեռքից խլեց այդ հաղթանակը, կողոպտեց մեզ և խլեց մեզ տեր լինելու կարևորագույն իրավունքը»։
Այս մասին ասված է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նամակում, որը նոյեմբերի 1-ին հրապարակել են նրա փաստաբանները, հաղորդում է «Грузия-Онлайн»-ը։
«Ինչ պետք է անենք։ Միայն մեկ բան՝ ստիպել նրանց վճարել այն գինը, որը ինքնասիրություն ունեցող ազգերը ստիպում են վճարել կեղծարար կառավարիչներին, խլել իշխանությունը և ստիպել նրանց պատասխանել օրենքի առաջ։ Այդպես վարվեց մեր հարևան Հայաստանը։ Այնտեղ Փաշինյանը պայքարում էր Իվանիշվիլիի չորս կալիբրի օլիգարխի դեմ, որի հետևում կանգնած էր Ռուսաստանը, բայց հայ ժողովուրդն, այնուամենայնիվ, հաղթանակ տարավ»,- մասնավորապես գրել է Սաակաշվիլին՝ կոչ անելով օրինակ վերցնել Հայաստանից։
«Այժմ մենք լիակատար լեգիտիմություն ունենք բողոքի ակցիաներ անցկացնելու և բռնությանը հակազդելու համար»,– նշել է Վրաստանի նախկին նախագահը:
Վրաստանի ԿԸՀ-ն հոկտեմբերի 31-ի առավոտյան ավարտել է ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների տված ձայների հաշվարկը, որոնք տեղի են ունեցել հոկտեմբերի 30-ին: Քվեարկության արդյունքում իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուները հաղթանակ են տարել 20 մունիցիպալիտետներից 19-ում, այդ թվում ՝ Թբիլիսիում, Քութայիսում, Բաթումում, Փոթիում և Ռուսթավիում: