Մոսկվան ելնում է նրանից, որ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հիմքը կազմում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ պատասխանելով ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման նկատմամբ Մոսկվայի վերաբերմունքի մասին հարցին։
«Մենք ելնում ենք նրանից, որ հայ-ադրբեջանական կարգավորման հիմքը կազմում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 2020թ. վերջին և 2021թ. ընթացքում», – ասել է Զախարովան։
Նա նշել է, որ ավելի վաղ ՌԴ նախագահը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հեռախոսով քննարկել է այդ պայմանավորվածությունների իրականացման հետ կապված հարցերի ողջ համալիրը: Այս թեմատիկան նույնպես եղել է ապրիլի 8-ին Մոսկվայում կայացած ՌԴ և Հայաստանի ԱԳ նախարարների բանակցությունների, ինչպես նաև ՌԴ ԱԳ նախարարի և նրա ադրբեջանցի գործընկերոջ հեռախոսազրույցի ուշադրության կենտրոնում:
Զախարովայի խոսքով, նշված շփումների ընթացքում, մասնավորապես, արծարծվել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի կնքման հարցերը: «Ռուսաստանը կշարունակի ամենայն աջակցություն ցուցաբերել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը», – ասել է նա: