Թուրքիան հավատում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր քայլեր կձեռնարկվեն: Այս մասին A Haber-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։
«Կարծում եմ, որ առաջիկա օրերին մեր հատուկ ներկայացուցիչների հանդիպումներից հետո կարելի է դրական քայլեր ձեռնարկել։ Հավատում եմ որ Հայաստանի և Թուրքիայի միջև էլ դրական քայլեր կձեռնարկվեն։ Հայաստանի կառավարությունը գովելի քայլեր է ձեռնարկել, և անհրաժեշտ է որ հայկական սփյուռքը աջակցի այդ քայլերին»,-հայտարարել է Քալընը։
Նա նշել է, որ հայկական սփյուռքը պետք է աջակցի այդ գործընթացին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանն ու Էրդողանը Պրահայում կայացած հանդիպմանը քննարկել էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և այդ ուղղությամբ հնարավոր հետագա քայլերը: Ավելի ուշ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետի հետ իր հանդիպումն անցել է «բարեկամական մթնոլորտում»։