Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են վերջին շրջանում երկու երկրների հարաբերություններում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
«Կողմերը քննարկել են հանրային հռետորաբանության և առկա այլ խնդիրների վերաբերյալ մտահոգությունները։ Այս համատեքստում նշվել է, որ երկու երկրների ԱԳՆ մամուլի քարտուղարների միջեւ շփումների հաստատումը կարող է օգտակար լինել»,-հաղորդում է գերատեսչությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ և կարևորել շփումների շարունակականությունը:
Վերջին շաբաթներին Բաքվի և Թեհրանի միջև լարվածությունը թափ է հավաքում։ Հայաստանի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Թեհրանն ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել է Իրանի համար տարածաշրջանում սահմանների փոփոխության անընդունելիության մասին։ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հոկտեմբերի 21-ին Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ Իրանը Հայաստանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը:
Հոկտեմբերին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը և Իրանի ԶՈւ ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացրել Ադրբեջանի սահմանների մոտ։ Նոյեմբերին Ադրբեջանն իր հերթին հատուկ նշանակության ուժերի զորավարժություններ է անցկացրել Իրանի հետ սահմանին։
Նոյեմբերի 10-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն կանչվել է Իրանի ԱԳՆ։ Իրանի ԱԳ նախարարի օգնականը դեսպանին դժգոհություն է հայտնել ադրբեջանական ԶԼՄ-ներում ոչ բարեկամական, հակաիրանական հրապարակումներից: Նոյեմբերի 11-ին Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին իր հերթին կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան դժգոհություն են հայտնել իրանական ԶԼՄ-ներում Ադրբեջանի Հանրապետության դեմ ուղղված զրպարտիչ արշավից, իրանցի բարձրաստիճան քաղաքական և ռազմական պաշտոնյաների սպառնալից հռետորաբանությունից, որոնք չեն համապատասխանում երկու երկրների հարաբերությունների ոգուն: