Ադրբեջանի ԱԳՆ-ն «տարակուսեցնող և հիասթափեցնող» է անվանել ՌԴ ԱԳՆ-ի երեկվա հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։
Գերատեսչության հայտարարության համաձայն, որի տեքստը մեջբերում են տեղական լրատվամիջոցները, ՌԴ ԱԳՆ հայտարարությունը «չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև փոխադարձ համագործակցության մասին հռչակագրին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթներին՝ Ադրբեջանի, այդ թվում՝ ղարաբաղյան տարածաշրջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցությանը»:
Բաքուն «անթույլատրելի» է համարել, որ ՌԴ ԱԳՆ-ն «մեկնաբանել և պայմանավորել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը այն հանգամանքի համատեքստում, որ ՀՀ վարչապետը «Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև պնդում է, որ Հայաստանը դեռ չի կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության «իր պարտավորությունների մեծ մասը», և ռուսական կողմը չի ապահովել այդ փաստաթղթի լիարժեք կատարումը։
Բաքուն, մասնավորապես, հայտարարել է, որ ռուսական կողմը «չի ապահովել հայկական զինված ուժերի դուրսբերումն Ադրբեջանի տարածքից»։ Ենթադրվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը «աջակցում է Ղարաբաղում մնացած հայկական զինված ուժերին»։
Բացի այդ, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հիմքեր չկան Լաչինի միջանցքում անցակետ ստեղծելու հարցը «քաղաքականացնելու փորձերի», ինչպես նաև «տարածաշրջանում իբր հումանիտար լարվածություն ստեղծելու մասին պնդումների համար»։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի տարածքի մաս «արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները», որոնց ներքո ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ «2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթաժողովներում Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի տարածքի մաս։ Մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշմանը, սակայն դա արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի իրավիճակը»,-ասված է հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ դիրքորոշմամբ՝ «այս պայմաններում պետք չէ Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը բարդել երրորդ երկրների վրա, պետք է անհապաղ սկսել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը՝ հենվելով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա»։ Նշվել է, որ այս պայմանագրի մաս պետք է դառնան «Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության հուսալի և հստակ երաշխիքները, ինչպես նաև եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական կատարումը, որոնց թվում նաև հաղորդակցությունների ապաշրջափակման և սահմանազատման գործարկումն է»։
Մտահոգիչ համարելով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը՝ ՌԴ ԱԳՆ-ն Բաքվին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման, ինչպես նաև տարածաշրջանի էներգամատակարարման համար: