ՀՀ ԱԱԾ-ն, ի պատասխան Ադրբեջանի տարբեր պետական մարմինների կողմից պարբերաբար շրջանառության մեջ դրվող թեզի, թե Հայաստանը հրաժարվում է տեղեկություններ տրամադրել Ադրբեջանի անհետ կորած քաղաքացիների մասին, հայտարարությամբ է հանդես եկել՝ ընդգծելով, որ Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովն Ադրբեջանին առաջարկում է ակտիվացնել համագործակցությունը։
«Գերիների, պատանդների և անհետ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովն ի կատարումն 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածության՝ վստահության կառուցման ավելի շատ միջոցառումների իրականացման վերաբերյալ, Ադրբեջանի համապատասխան կառույցին առաջարկում է ակտիվացնել համագործակցությունը»,- ասված է հաղորդագրությունում։
ԱԱԾ-ն նշում է, որ Հայաստանը 2020թ. նոյեմբերից ի վեր Ադրբեջանին է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցիների մարմինների, ինչպես նաև 90-ականներին զոհված շուրջ 50 անձանց մարմինների գտնվելու հնարավոր վայրերի մասին տեղագրական նյութեր, ինչպես նաև 90-ականներին զոհված 140 ադրբեջանցիների ոսկրեր, որոնք ստացվել են ԼՂ ներկայացուցիչներից:
Գերատեսչությունը հիշեցրել է, որ Հայաստանի 993 քաղաքացիներ և ԼՂ հայեր համարվում են անհետ կորած 90-ականների սկզբից, 2020 թվականի 44-օրյա պատերազմում և դրանից հետո ՀՀ-ն լրջորեն հետաքրքրված է նրանց ճակատագրերի պարզաբանմամբ: «ՀՀ-ն բազմիցս, այդ թվում բարձր և բարձրագույն մակարդակով հայտարարել է, որ պատրաստ է անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ համագործակցել Ադրբեջանի հետ»,- ասված է հայտարարությունում:
Հունվարի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով ադրբեջանական կողմին կփոխանցվեն ականապատ 8 նոր տեղեկամատյաններ: ԱԱԾ-ն ընդգծել էր, որ Հայաստանը նախկինում հրապարակայնորեն և աշխատանքային մակարդակով հայտարարել էր, որ իր տրամադրության տակ չունի ավելի որակյալ քարտեզներ, իսկ արդեն փոխանցված տվյալներն ստացվել են Լեռնային Ղարաբաղի զինվորական անձնակազմից։
Հունվարի 26-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանից պահանջել էր «բոլոր ականապատ տարածքների» ճշգրիտ քարտեզները։ Բաքուն հրաժարվել էր Երևանի որոշումը համարել «որպես վստահության ամրապնդման միջոց»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել էր այն բանում, որ բոլոր այն քարտեզները, որոնք նախկինում տրամադրել էր, անօգուտ են և թերի։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Բաքուն Երևանի կողմից ականապատ դաշտերի նոր քարտեզների փոխանցման այս դրական քայլը վերածում է էսկալացիայի պատճառի։