Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող պոլիգոնում ուսումնական առաջադրանքներ են իրականացրել: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Գործնական պարապունքների ընթացքում զինծառայողները կատարելագործել են ականանետերը մարտական և մարտական դիրքի բերելու հմտությունները: Բացի այդ, հրետանավորները մշակել են կրակի վարման ընթացքում հաշվարկները ներդաշնակ ու արագ իրականացնելու հմտություններ: Մշակվել են նաև մի շարք նորմատիվներ թիրախների հետախուզման և կրակային դիրքերի փոփոխության վերաբերյալ:
Եզրափակիչ փուլում զինծառայողները կատարել են ուսումնական հրաձգության վարժանքներ՝ դիտարկվող թիրախների ուղղությամբ: Վարժանքներին մասնակցել է շուրջ 50 խաղաղապահ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին:
Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: