Ռուս սակրավորներն ականազերծում են Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաքի ծայրամասում գտնվող գյուղերը։ Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ տեղի բնակիչները դեռ չեն կարող վերսկսել գյուղատնտեսական աշխատանքները, քանի դեռ տեղանքի ամբողջական մաքրում չի իրականացվել։ Վերջին մի քանի օրերի ընթացքում Մարտակերտի շրջանի տարածքում ռուս սակրավորների կողմից հայտնաբերվել և վնասազերծվել են ավելի քան 50 խոշոր տրամաչափի արկ և պայթուցիկ նյութեր:
Ընդհանուր առմամբ, մինչ օրս ռուս սակրավորներն ականազերծել են 1960 հա տարածք, 605 կմ ճանապարհ, 1692 շենք, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ։ Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 484 պայթյունավտանգ առարկա:
Հայաստանի վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն՝ 2020 թ․ նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայի ժամանակով 00:00-ից սկսած հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: