Չնայած Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության պնդումներին, որ Լեռնային Ղարաբաղ և Լեռնային Ղարաբաղի հակամարտություն գոյություն չունեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ինչպես նաև բազմաթիվ այլ պետություններ կիսում են հայկական կողմի դիրքորոշումն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է մնալ չլուծված և պետք է ստանա համապարփակ կարգավորում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում խաղաղ բանակցությունների միջոցով: Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս հիմնախնդրի կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման դիրքերից։ Այս մասին «Nouvelles d’Arménie» ամսագրին տված հարցազրույցում նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Այս առումով կարևոր ենք համարում Նյու Յորքում կայացած հանդիպումները, որոնք, առաջին հերթին, հնարավորություն են ստեղծում քննարկելու և լուծում փնտրելու հրատապ հումանիտար հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերում են բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենադարձմանը, անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց ճակատագրի հետագա պարզաբանմանը, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանը:
Այս առաջնային հումանիտար խնդիրների լուծումը անհրաժեշտ պայմաններ կստեղծի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ լուծմանն ուղղված սուբստանտիվ քննարկումներ սկսելու համար՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ հայտնի սկզբունքների ու տարրերի, այդ թվում՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա»,-նշել է Միրզոյանը։