Շուշի քաղաքի մերձակա խաչմերուկում նոյեմբերի 8-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, ադրբեջանցի զինծառայողի կողմից կրակոցներ են արձակվել ջրատար խողովակների վերանորոգման աշխատանքներ իրականացնող «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ աշխատակիցների վրա: Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից։
«Կրակոցների հետևանքով մեկը տեղում մահացել է, իսկ երեք հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն: Վերջիններս վիրավորումը ստացել են կրծքավանդակի և պարանոցի հատվածում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպքի հանգամանքները պարզելու, իրական պատճառները բացահայտելու և իրավական գնահատական տալու համար Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության օպերատիվ խմբերի ու քննչական կոմիտեի քննիչների կողմից տեղում կատարվում են անհետաձգելի հետախուզական, քննչական ու դատավարական այլ գործողություններ:
Նշվում է, որ հաշվի առնելով, որ դեպքի վայրում կատարվում են քննչական գործողություններ, կարճ ժամանակով երթևեկությունն այդ հատվածում դադարեցվել է: