Ադրբեջանական կողմը կրակել է Արցախի Մարտունի շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ։ Այդ մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալը։
«Քաղաքապետարանից աշխատանքային խումբ է այս պահին գտնվում գյուղում, տեղեկություններ այս պահին դեռ չկան։ Խաղաղ է, հանգիստ է, ժողովուրդն իրենց տեղում է և իրենց աշխատանքին»,- նշեց նա՝ հորդորելով հետևել պաշտոնական լրահոսին։
Նշենք, որ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի զինված ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարը՝ կրակ բացելով Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ ադրբեջանցիները գյուղի վրա կրակել են ականանետերով։
Հիշեցնենք, որ մարտի 7֊ին ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել էր Խրամորթ գյուղին հարակից գերեզմանոցը` արձակելով 2 ական։ Մարտի 8-ին ադրբեջանական կողմը դարձյալ կրակել է Խրամորթի ուղղությամբ։
Իսկ մարտի 7-ի ուշ երեկոյան Շուշիի հարևանությամբ գտնվող անտառածածկ տարածքներից ուժեղ պայթյուններ են լսվել, որից հետո Արցախում գազամատակարարումն անջատվել է։ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորները սկսել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի-Լիսագոր-Բերձոր հատվածում վթարված գազատարի տարածքում ականազերծման աշխատանքները։
Արցախի ԱԳՆ ներկայացուցիչները հայտնել են, որ Շուշի-Լիսագոր-Բերձոր հատվածի ականազերծումից հետո կմեկնարկեն գազատարի վերականգնման աշխատանքները: