Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է արել գազի մատակարարման դադարեցման կապակցությամբ։
«Մարտի 21-ի երեկոյան Ադրբեջանի իշխանությունները կրկին խափանել են Արցախի գազամատակարարումը՝ խիստ ցուրտ եղանակային պայմաններում Արցախի բնակչությանը զրկելով ջեռուցման կարևոր ռեսուրսից։
Ադրբեջանի պահվածքը մարդասիրական ահաբեկչություն է։ Այն կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական և միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, որևէ ձևով չի տեղավորվում բարոյականության շրջանակներում։ Այդ ստոր արարքը ատելության և ազգայնամոլության հերթական դրսևորում է։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի քաղաքականությունը և դիմում միջազգային հանրությանը՝ համարժեք գնահատականի ակնկալիքով։
Ադրբեջանի մարդատյաց քայլերը չեն կարող ազդել Արցախի ժողովրդի կամքի և հաստատակամության վրա։ Մենք շարունակելու ենք ապրել և արարել մեր պատմական հայրենիքում, զարգացնել և զորացնել մեր անկախ պետականությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Արցախում դարձյալ դադարեցվել է գազամատակարարումը։ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ Հաղորդագրության մեջ նաև նշվել էր, որ բավարար հիմքեր կան պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը։ Հիշեցնենք նաև, որ ադրբեջանական կողմը պայթեցրել էր գազատարը՝ Արցախին տասն օրից ավելի զրկելով կապույտ վառելիքից։ Ադրբեջանական և ռուսական կողմի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում գազատամատակարարումը վերականգնվել է, սակայն, կարճ ժամանակ անց կրկին Արցախը զրկվել է գազից։