ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին ՀՀ պաշտպանության նախարարությունում ներկայացվել է օպերատիվ տեղեկատվություն մարտի 24-ից Արցախի արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացված սադրանքի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Շեշտվել է, որ հակառակորդի այդ գործելաոճը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտում է, որի հետագա զարգացումները կարող են լրջորեն ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում:
Ընդգծվել է, որ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները` ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները հակառակորդին հակազդելու ուղղությամբ:
Նշվել է նաև, որ, չնայած Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների կողմից գործադրվող ջանքերին, իրավիճակի կայունացման ուղղությամբ տարվող բանակցությունները մինչ այժմ արդյունքի չեն հանգեցրել:
Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են նրանց վերադարձնել ելման դիրքեր:
Ադրբեջանական ուժերը մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Այս պահին ճշտված տեղեկություններով ՊԲ 3 զինծառայողներ զոհվել են, 14 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։
Այսօր՝ ժամը 11։00-ի հատվածում ադրբեջանական ուժերը կրկին փորձ են արել առաջխաղացում ապահովել, ինչը կանխվել է Արցախի ՊԲ ուժերի կողմից։