Արցախում ծանր վիճակում գտնվող մեկ հիվանդ այսօր առավոտ մահացել է։ Այս մասին հայտնում են «Արցախի» հանրային հ/ը-ի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը։
«Այդ հիվանդը պետք է գնար այլ ստուգման, 15 տարի շարունակ հեմոդիալիզի վրա էր գտնվում և ինքն ուներ տարբեր դեկոմպեսացված վիճակ»,-նշել է Մուսայելյանը։
Սրտային պաթոլոգիայով մեկ այլ հիվանդ Արցախից տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն։ Հիվանդը, բուժհաստատության տնօրեն Մհեր Մուսայելյանի խոսքով, սրտի հրատապ վիրահատության կարիք ունի։
Նշվում է, որ «Արևիկ» մանկական բուժմիավորումում այս պահին 12 երեխա է գտնվում, որոնց ճնշող մեծամասնության վիճակը կայուն ծանր է։ «Ունենք մեկ երեխա, որի վիճակը ծայրահեղ ծանր է»,- նշել է «Արևիկ» մանկական բուժմիավորման գործադիր տնօրեն Կարեն Մելքումյանը։
«Մեկ հիվանդի տեղափոխմամբ, սակայն, Արցախի առողջապահության համակարգի խնդիրները չեն պակասել: Բազմաթիվ հիվանդներ, այդ թվում՝ երեխաներ, այսօր հնարավորություն չունեն Երևան հասնել, դեղերի մատակարարում չկա, պլանային վիրահատություններ չեն արվում»,-նշվում է ռեպորտաժում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
Նշենք նաև, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն և հայկական կողմն ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա:
Դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Արցախի պետնախարարը հայտնեց, որ վերականգնվել է Արցախի գազամատակարարումը: