Այն մարդիկ, ովքեր կարծում են, թե իրենց անձնական, կուսակցական ու քաղաքական հարցերն Արցախի հարցի լուծումից ավելի կարևոր են, դավաճաններ են: «Մեկ ամիս շրջափակման մեջ. հումանիտար ճգնաժամ» խորագիրը կրող տեսակամուրջի ժամանակ այս մասին նշեց ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
«Անտարբեր մի եղեք: Պետք չէ սև կատու փնտրել այնտեղ, որտեղ այն չկա: Պետք է յուրաքանչյուրն իր տեղում հասկանա, թե ինչ կարող է անել, որ Ադրբեջանի պլանները չիրականացվեն: Պետք չէ իրար միս ուտել: Մեր բոլորի նպատակն Արցախը պահպանելն է: Այն քայլերը, որոնք օգնում են մեզ հաղթահարել դժվարությունը, պետք է շարունակվեն: Այն քայլերը, որոնք խանգարում են դժվարությունը հաղթահարել, դավաճանություն են»,-ասաց Վարդանյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությյան մասին:
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: