ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում ԱՀ ԱԳՆ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանի և ԱՀ պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի հետ հանդիպել են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիի հետ։
«Շնորհակալություն եմ հայտնել Ադրբեջանի կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղու (եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցք) արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի առթիվ Եվրոպական խորհրդարանի բանաձևի ընդունմանը սատարելու և Արցախի ժողովրդի իրավունքներին, ազատություններին և անվտանգությանը ցուցաբերվող մշտական աջակցության համար»,- գրել է Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ քննարկել է շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները, ինչպես նաև Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը հակազդելու ուղղությամբ ձեռնարկվելիք տարբեր գործողություններ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։