Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահն ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը ՊԲ-ի վերահսկողության տակ է, հետո եղավ եռակողմ հայտարարության ստորագրումը, հետո՝ հարձակումը կառավարության շենքի վրա ու երբ վերադարձա լիարժեք աշխատանքի, ինձ ասացին, որ մենք Շուշիում ոչ մի զինվոր չունենք։ Այս մասին այսօր Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատմելով Շուշիի անկման մասին։
«Շուշիի անկման պատմությունը իմ հետադարձ հայացքով հետևյալն է․ հասկանալով, որ Շուշիի անկյունաքարային նշանակությունն ավելի է ընդգծվել, բոլոր հրահանգները Շուշիի պաշտպանությունը կազմակերպելու վերաբերյալ էր։ Ի վերջո՝ հաստատվեց տպավորություն, որ անհրաժեշտն արված է, սակայն շատ չանցած լուր եկավ, որ ադրբեջանցիների մի խումբ Զառիսլի գյուղի հատվածում ճեղքել է մեր պաշտպանությունն ու կանգնել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին, և դա հայտնեց ԼՂ նախագահը, սակայն Զինված ուժերի գլխավոր շտաբը չէր հաստատում այդ տեղեկատվությունը»,- պատմեց վարչապետը։
Նա ընդգծեց, որ սա պատերազմի ընթացքում մեկ տասնյակ անգամ կրկնված իրավիճակ էր, երբ ԼՂ նախագահը լուր էր հաղորդում, Գլխավոր շտաբը չէր հաստատում լուրը, անգամ հերքում էր, իսկ որոշ ժամանակ անց խոստովանում էր, որ ԼՂ նախագահի հաղորդած տեղեկատվությունն է ճիշտ։
«Այս անգամ էլ այդպես եղավ, երբ լուր եկավ, թե ադրբեջանցիները կրակել են Ստեփանակերտ-Լաչին ճանապարհով շարժվող քաղաքացիական մեքենայի վրա, այս կետից սկսվեց Շուշիի սողացող անկումը։ Շուշիից անընդհատ ահագնոցող լուրեր էին գալիս։ Սկսեցին լուրեր գալ, որ հակառակորդի առաջին խումբն է մտել Շուշի, հետո 2-րդ ու այդպես շարունակ։ Ի վերջո, նոյեմբերի 7-ի կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին։ Որքան էլ տեղեկացված էի, սա ծանր լուր էր ինձ համար, քամի որ ասել էի՝ Շուշին պետք է պահվի ու ստացել էի հավաստիացում, որ կպահվի»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ այդ լուրը լսելուց հետո պահանջել է անել այն, ինչ խոստացել էին, այսինքն՝ պահել Շուշին, հետ վերցնել։
«Ի վերջո, ինձ զեկուցեցին հակագործողությունների մասին, հետո ինչ-որ հաջողությունների մասին, հետո ասացին, որ օպերացիան հաջող է ընթանում, հետո՝ որ մենք Շուշիի ներսում ենք։ Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահն ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը ՊԲ-ի վերահսկողության տակ է, հետո եղավ եռակողմ հայտարարության ստորագրումը, հետո՝ հարձակումը կառավարության շենքի վրա ու երբ վերադարձա լիարժեք աշխատանքի, ինձ ասացին, որ մենք Շուշիում ոչ մի զինվոր չունենք»,- ասաց նա:
Նա պատմեց նաև, որ հրադադարի հայտարարությունից հետո կարճ ժամանակով մարտական գործողությունների ինտեսիվությունը նվազում էր, բայց Ադրբեջանը նորից վերսկսում էր գործողությունները։ Առաջնագծի 90 տոկոսում ՀՀ զորքերը հաջողությամբ դիմակայում էին թշնամու գրոհները, սակայն լրջագույն խնդիր կար 9-րդ պաշտպանական շրջանում, որի դիրքերը հակառակորդը ճեղքել էր դեռ հոկտեմբերի 4-ին ու հասել Ջաբրայիլի մատույցներին։
«Բանակի առջև խնդիր էր դրված կանգնեցնել Ադրբեջանի գրոհները, թույլ չտալ նրա առաջխաղացումը, որովհետև պատերազմը կանգնեցնելու վերը նկարագրված փորձերը ցույց էին տալիս, որ մինչև ի վիճակի չլինենք կանգնեցնել ադրբեջանցիներին, հրադադարի հասնելու բոլոր փորձերն անարդյունք են լինելու կամ էլ պիտի գնանք ցավոտ զիջումների։ Պատերազմը կանգնեցնելու նախորդ բոլոր փորձերը հենց սա ցույց տվեցին և դա էր պատճառը, որ 2020թ․ հոկտեմբերի 26-ին ֆեյսբուքյան իմ էջում խոսեցի ցավոտ փոխզիջումների մասին, բայց ինչքան էլ հասկանայի պոտենցիալ զիջումների անհրաժեշտությունը, ինձ համար «կարմիր գիծ» էր Շուշին ու խաղաղապահների տեղակայումը Մեղրիում»,- ասաց նա:
Վարչապետն ընդգծեց, քանի դեռ կանգուն էր Շուշին, պայքարն ուներ շատ կոնկրետ նպատակ և մոտիվացիա, սակայն մյուս կողմից էլ Ադրբեջանի նպատակը Շուշին էր, քանզի Շուշին վերցնելով՝ Ադրբեջանը փակում էր Լաչինի ճանապարհը, հնարավորություն էր ստանում գրոհել Ստեփանակերտը, ապա ոչ միայն ճակատից, այլև թիկունքից գրոհել ՊԲ պաշտպանական շրջանները, ինչպես նաև Սոթքի հատվածը։
Փաշինյանը հավելեց, որ այս հանգամանքները դեռ սպասում են և պիտի արժանանան մանրամասն պարզաբանման։
Շուշիի անկման մասին Armenia Today-ին՝ նոյեմբերի 9-ին, ժամը 17:30-ին տեղեկություն է հաղորդել Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ նոյեմբերի 7-ին ՊԲ-ն կորցրել էր վերահսկողությունը Շուշիի վրա։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի մասնակցությամբ և միջազգային վարձկանների ներգրավմամբ պատերազմ են մղել Արցախի դեմ։
44 օր տեւած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժը Արցախի խաղաղ բնակավայրերը ենթարկել է հրետանային և հրթիռային հարձակումների, այդ թվում՝ արգելված զենքի կիրառման։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները եռակողմ հայտարարություն են ստորագրել հրադադարի և հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման մասին։
Պատերազմի արդյունքում Արցախը կորցրեց Հադրութը, Շուշին, ինչպես նաև անվտանգության գոտին կազմող 7 շրջաններ։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով հայկական կողմում զոհված զինվորների ու խաղաղ բնակիչների թիվը գերազանցում է չորս հազարը։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի 2022 թվականին ներկայացված տվյալներով անհայտ կորած է համարվել 303 մարդ։